Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը դիմել է՝ 2016թ. Բաքվում կայանալիք շախմատային օլիմպիադայում որպես հյուր մասնակցելու համար։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով այդ երկրի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Ֆայիք Հասանովին։
«Գասպարովը ցանկանում է մասնակցել Բաքվում կայանալիք օլիմպիադային։ Նա ծնվել է Ադրբեջանում, և ժամանակին Հեյդար Ալիևը մեծապես օգնել է նրան։ Գարին երբեք չի ժխտել դա»,- ընդգծել է Հասանովը։ Նրա խոսքով՝ օլիմպիադային կմասնակցեն ավելի քան 180 երկրի շախմատիստներ։
Հիշեցնենք, որ 2012 թվականին ՖԻԴԵ-ի համաժողովը որոշում էր ընդունել 2016թ. սեպտեմբերին կայանալիք շախմատի օլիմպիադան անցկացնել Բաքվում։
Նշենք, որ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, անդրադառնալով Հայաստանի մասնակցությանն այդ օլիմպիադային, 2013թ. սկզբին ասել էր. «Պարզ է, որ մենք այնտեղ գնալու հետ կապված մեծ դժվարություններ կունենանք: Բայց հույս ունենանք, որ այս երեք տարում մեր երկրներն այդ թշնամանքից, բացասականից կկարողանան առաջ շարժվել: Կարծում եմ, որ մենք՝ որպես մշակույթի մի մասնիկ, կարող ենք նպաստել դրան: Ես իմ կողմից ամեն բան կցանկանայի անել, որպեսզի մենք կարողանայինք մասնակցել այդ օլիմպիադային»։